Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին
Վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկու շաբաթ շուտ՝ օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։
Ծրագրի պատասխանատուներն ընդգծել են, որ իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես՝ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։
Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
Վարչապետը կարևորել է Հայաստանում կամուրջների կառուցման և հիմնանորոգման ծրագրերը և ընդգծել, որ Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ։
Կիևյան կամուրջը վերջին անգամ հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության և Տրանսպորտի և շինարարության նախարարության համագործակցությամբ: Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։