Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Այս անգամ այդ քարոզչական թեզը փորձ է արվում ներկայացնել իբրև հայի կողմից արված հայտարարություն։ Թեև տեսանյութում զրուցակիցը ներկայացվում է որպես Արայիկ անունով հայ, նրա ինքնությունը տեսանյութից հստակ հաստատել հնարավոր չէ։ Ավելին՝ նույնիսկ եթե նա հայ է, դա որևէ կերպ չի փոխում տեղի ունեցողի էությունը։ Ակնհայտ է, որ գործ ունենք էժանագին քարոզչական մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է հակահայկական թեզին արհեստականորեն «հայկական ձայն» հաղորդել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունների գրպանային քարոզիչ Քյամրան Ռազմավարը տեսազանգի միջոցով զրուցում մի անձի հետ, որին ներկայացնում է որպես Արայիկ անունով հայ։ Հատկանշական է, որ այդ զրույցի ֆոնին տեսանելի են նաև ադրբեջանցի զինվորականներ։ Իսկ երբ տեսազրույցի մասնակիցը հնչեցնում է այն պնդումը, թե Երևանն ադրբեջանական է, ներկա զինվորականները հրճվանքով և ծափահարություններով են արձագանքում այդ հայտարարությանը։ Այս հանգամանքն առավել քան խոսուն է և լրացուցիչ հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե պատահական զրույցի, այլ նախապես մշակված քարոզչական բեմադրության հետ։
Սա պարզապես հերթական անհեթեթ հայտարարությունը չէ։ Սա վտանգավոր քարոզչական գործընթաց է, որը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած խաղաղասիրական հայտարարությունների համատեքստում։
Մինչ Ադրբեջանի քաղաքական վերնախավը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, միջազգային հարթակներում խոսում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման մասին, ադրբեջանական տեղեկատվական դաշտում իշխանամետ քարոզիչների միջոցով շրջանառության մեջ են դրվում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող թեզեր։
Եվ այստեղ առաջանում է միանգամայն տրամաբանական հարց. որքանո՞վ են անկեղծ խաղաղության մասին հայտարարությունները, եթե դրանց զուգահեռ ադրբեջանական հանրությանը շարունակաբար մատուցվում է այն գաղափարը, թե Երևանն ադրբեջանական քաղաք է։
Խաղաղությունը միայն բանակցային սեղանի շուրջ հնչող հայտարարությունները չեն։ Այն նաև քաղաքական կամք է, հասարակական ընկալումների ձևավորում և հարևան պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անվերապահ հարգանք։ Իսկ նման քարոզչությունը ոչ թե նպաստում է խաղաղությանը, այլ խորացնում անվստահությունն ու թշնամանքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։
Քաղաքականություն1 նոյեմբերի 2026
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսին