Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
«Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Տեղեկությունը տրամադրել են ՀՀ կառավարությունից։
Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։ Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը. «Դա շատ կարևոր է, որպեսզի դպրոցաշինությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որովհետև շինարարությունը՝ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի և դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունն առանձնահատուկ ուղղություններ են»։
Այդ համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայության կարևորությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր, ինչը սկզբունքային հարց է։
Վարչապետը նշել է, որ երկու տարի առաջ սկսել են անդրադառնալ այդ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը. «Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք հասկանալ, որ մեզ պետք է ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»։
Շնորհակալություն հայտնելով դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթությունը բարելավելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Առիթ ունեցել եմ ասելու՝ չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի։ Մենք պետք է սա դարձնենք կենսակերպ, ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,- ասել է երկրի ղեկավարը։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն թողարկող և հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից։ «Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել դպրոցաշինության ծրագրի բոլոր մասնակիցներին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։