Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
Էնդրյու Թըրներն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։ Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։
«Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք բարդ և դժվարին ժամանակներ, և այդ ընթացքում Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը։ Նաև այդ առումով եմ ցանկանում շնորհակալություն հայտնել Ձեզ և Կանադայի կառավարությանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Հանրապետության նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, և այդ ուղղությամբ պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Նա նաև ընդգծել է Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներում։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու այդ ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է կանադական լավագույն փորձի կիրառումը քաղաքական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման տեսանկյունից։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Կանադայի միջև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։