Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքները:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:
Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Պատվարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը եւ ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության եւ այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաեւ քաղաքացիները:
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեւոնիզացված է եղել եւ հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը եւ չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:
Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաեւ փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:
Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր եւ հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:
Մենք պետք է նաեւ գիտակցենք նման վարքագծի հետեւում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող եւ երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- նշել է պատգամավորը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: