Ռոսսելխոզնադզորն ահազանգում է՝ Հայաստանից ներմուծվող ապրանքներից բողոքներ կան
Առաջին հերթին խոսքը վերաբերում է մատակարարումների ոչ տրամաբանական աճին, ինչը կապված է ԵԱՏՄ շրջանակում շուկաներ մուտք գործելու պարզեցված կարգի հետ։

Ռուսաստան արտահանվող Հայաստանի բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ առաջացած խնդիրները, որոնք ի հայտ են եկել մի քանի տարի առաջ, շարունակում են պահպանվել։ Այս իրավիճակից ելք կարող է լինել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ կտա ապահովել արտադրանքի հետագծելիությունը, հայտարարել է Ռոսսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Այն տեսականին և այն քանակը, որը գալիս է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ ամբողջ արտադրանքն ունի հայկական ծագում։ Մենք այս խնդրով զբաղվել ենք և՛ 2024-ին, և՛ 2023-ին»,- ասել է Դանկվերտը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Առաջին հերթին խոսքը վերաբերում է մատակարարումների ոչ տրամաբանական աճին, ինչը կապված է ԵԱՏՄ շրջանակում շուկաներ մուտք գործելու պարզեցված կարգի հետ։
«Օրինակ՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Նման աճ կա նաև այլ ապրանքների դեպքում։ Մենք ստիպված եղանք ֆիտոսանիտար վերահսկողությունը տեղափոխել ավելի մոտ սահմանին»,- նշել է նա։
«Մենք նաև նկատել ենք, որ Ռուսաստանի տարածք ուղարկվող արտադրանքի մեծ մասը չի հասնում այն վայրերը, ուր պետք է հասներ: Մենք բավական երկար կարգավորել ենք այս հարցերը և տեսնում ենք իրականում մեծ քանակությամբ կարանտինային օբյեկտներ՝ ավելի քան 900 դեպք է արձանագրվել Հայաստանից եկող արտադրանքում, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Օրինակ՝ անհրաժեշտ է իրականացնել ախտահանում։ Ծաղիկների դեպքում պետք է հավաստագրենք արտադրության վայրերը, փորձել ենք նաև տեսա-ստուգումներ անցկացնել»,- ասել է ծառայության ղեկավարը։
Խոսելով կենդանական ծագման արտադրանքի մատակարարումների խնդիրների մասին՝ Դանկվերտը նշել է, որ այս ոլորտում նույնպես «մասամբ կարող է լինել ոչ հայկական ծագման արտադրանք»։
«Մենք նկատել ենք անհետագծելի արտադրանքի մատակարարումներ, օրինակ՝ կարագ, պանիրներ, իշխանի միս։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից եկող մատակարարումների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ, այդ թվում՝ արտադրանքի հետագծելիության առումով։ Ստեղծված իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակում անվտանգության վերահսկման տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ։
«Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել մատակարարվող արտադրանքին և արդյունավետ աշխատել»,- ասել է նա՝ նշելով, որ միության շրջանակում «դա առայժմ չի ստացվում»։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը