Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ստացված դրամական միջոցները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակների ապահովմանը։
Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե ինչպես է կառավարությունը նախատեսում կառավարել դատական վճիռներով բռնագանձված ապօրինի ծագման գույքն ու դրամական միջոցները։
«Հստակ որոշում ենք կայացրել դրամական միջոցների հետ կապված։ Որոշել ենք, որ այդ դրամական միջոցները կկենտրոնանան մի անձեռնմխելի հաշվում։ Նման հաշիվները դեպոնացվում են Կենտրոնական բանկում, դրա շնորհիվ տոկոսներ են ավելանում։ Գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին։ Ժամանակի ընթացքում անձեռնմխելի հաշվի վրա կենտրոնացված գումարը կմեծանա, տոկոսները ևս կավելանան»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ քննարկվում է նաև բռնագանձված անշարժ գույքի հետագա կառավարման հարցը։ Մասնավորապես, դիտարկվում է այդ գույքն օտարելու և ստացված գումարները նույն հաշվին փոխանցելու հնարավորությունը։
«Հավանականությունը մեծ է, որ այդ ապօրինի գույքերը վերածվեն դրամական միջոցների, որոնք ևս կկենտրոնացվեն տվյալ անձեռնմխելի հաշվում, որպեսզի գոյացած ամբողջ տոկոսներն ուղղվեն կենսաթոշակային ապահովմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Էկոնոմիկա27 հոկտեմբերի 2026
Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում
Նիդեռլանդները պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ ծաղկագործներին՝ Ռուսաստանի սահմանափակումների պայմաններում արտահանման այլընտրանքային շուկաներ գտնելու հարցում։