Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ․Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 25-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն,
Ձերդ Գերազանցություններ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ:
Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։
Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան: Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց:
Տիկնայք և պարոնայք,
Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նաև ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ զարգացման գործում՝ ամրապնդելով նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերը։
Կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն:
Շնորհակալություն»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։