Ուշադրություն արտահանողներին. հունիսի 1-ից Ռուսաստան բեռնափոխադրումների կարգը փոխվում է
ՌԴ-ում գործարկվում է Ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման ազգային համակարգը՝ СПОТ (Система подтверждения ожидания товаров)։

ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրում իրականացնողների համար հունիսի 1-ից ուժի մեջ են մտնում նոր, խստացված կանոններ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
ՌԴ-ում գործարկվում է Ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման ազգային համակարգը՝ СПОТ (Система подтверждения ожидания товаров)։ Չնայած նոր կարգով հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծող կողմը, փոփոխությունն ուղղակիորեն առնչվում է հայաստանյան արտահանողներին և բեռնափոխադրողներին. առանց սահմանված ընթացակարգերի՝ բեռների մուտքը ՌԴ տարածք կարող է պարզապես արգելվել։
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովել մինչև բեռի ուղարկումը
Լրացուցիչ խնդիրներից և սահմանին կանգնելուց խուսափելու համար ՀՀ արտահանողները պետք է հետևողական լինեն, որպեսզի ռուսաստանյան գործընկերը կամ էլեկտրոնային առևտրի հարթակի գործակալը ժամանակին կատարի հետևյալ քայլերը.
- Փաստաթղթի ձևավորում. Մինչև բեռը ճանապարհելը պետք է ձևավորված լինի մատակարարման ակնկալման հաստատման էլեկտրոնային փաստաթուղթը՝ ДОПП (Документ о предстоящей поставке товаров)։
- Հստակ ժամկետներ. ДОПП-ը պետք է ներկայացվի ՌԴ հարկային մարմիններին՝ հաշվի առնելով սահմանված վերջնաժամկետները.
- Սահմանի հատումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար։
- Սահմանի հատումից ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում։
- QR-կոդի առկայություն. Փաստաթղթի հիման վրա ձևավորված համապատասխան QR-կոդը ռուսաստանյան կողմը պետք է փոխանցի հայաստանյան արտահանողին, իսկ վերջինս էլ՝ վարորդին։ Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչև ՌԴ սահմանին մոտենալը։
- Տվյալների համապատասխանություն. Բեռն ուղեկցող փաստաթղթերի տվյալները պետք է բացարձակ ճշգրտությամբ համընկնեն ДОПП-ում լրացված տեղեկությունների հետ։
Ի՞նչ տեղեկատվություն է պետք փոխանցել ռուսաստանյան գործընկերոջը
Համակարգում տվյալների ժամանակին և անխափան մուտքագրման համար հայկական կողմը պետք է ռուսաստանյան գործընկերոջը նախապես տրամադրի հետևյալ տվյալները.
- Ապրանքի ճշգրիտ անվանումը, քանակը և արժեքը,
- ԱՏԳ ԱԱ (ТН ВЭД) ծածկագիրը,
- Հաշիվ-ապրանքագրի (invoice), պայմանագրի և ուղեկցող այլ փաստաթղթերի տվյալները,
- Փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն,
- ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող հստակ ամսաթիվը։
Էկոնոմիկայի նախարարության հորդորը. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է բոլոր արտահանողներին և լոգիստիկ ընկերություններին՝ ֆինանսական կորուստներից, լրացուցիչ ծախսերից և սահմանային ուշացումներից խուսափելու համար, արդեն իսկ նախապատրաստվել փոփոխություններին և նոր ընթացակարգերը մանրամասն քննարկել ռուսաստանյան գործընկերների հետ։
Նոր համակարգի և դրա կանոնակարգերի վերաբերյալ պաշտոնական մանրամասներին կարելի է ծանոթանալ ՌԴ դաշնային հարկային ծառայության կայքում՝ https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: