Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջան շաքարավազի արտահանման գործընթացը․ հարց գործարար Քնարյանին
Հայ գործարար Հարություն Քնարյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է Հայաստանից շաքարավազի խոշոր խմբաքանակ ներկրելու հարցով։ Ընկերությունն արդեն դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն և սպասում է պաշտոնական պատասխանի։

Հայաստանում խոշոր գործարար Հարություն Քնարյանը Armpulse-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջան շաքարավազ արտահանելու հնարավորությանը՝ նշելով, որ գործընթացը ներկայումս քննարկման փուլում է։
Քնարյանի խոսքով՝ ադրբեջանցի գործարարների կողմից իրենց ընկերությունը ստացել է պաշտոնական նամակ, որով հետաքրքրություն է ցուցաբերվել մեծ խմբաքանակի շաքարավազ ներկրելու հարցում։
«Մենք Ադրբեջանի գործարարների կողմից ստացել ենք նամակ, որով նրանք պատրաստվում են ներկրել մեծ խմբաքանակի շաքարավազ մեր ընկերությունից, որից հետո մենք դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն և սպասում ենք պաշտոնական պատասխանի»,- ասել է նա։
Գործարարը հավելել է, որ եթե գործընթացը բխի Հայաստանի Հանրապետության շահերից, ապա ակնկալում են ստանալ դրական պատասխան։
Անդրադառնալով շուկայում հնարավոր խոչընդոտներին և այն հանգամանքին, որ շաքարավազի ոլորտում խոշոր դերակատարում ունի նաև գործարար Սամվել Ալեքսանյանը, Հարություն Քնարյանը նշել է, որ որևէ խոչընդոտի չեն հանդիպում։
«Մեր ընկերությունը 2025 թվականից ծավալում է իր գործունեությունը և մինչ այսօր հանդիսանում է Հայաստանում շաքարավազի խոշոր ներկրողներից մեկը։ Արդյունքում ՊԵԿ-ի կողմից ստացել ենք նամակ, որով ճանաչվել ենք որպես ռեզերվ կուտակող ընկերություն»,- նշել է նա։
Քնարյանի խոսքով՝ իրենց ընկերությունը գործունեություն է ծավալում հանրապետության բոլոր մարզերում, ունի մեծ պահեստներ և աշխատում է ինչպես ընկերության, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ։
Խոսելով շուկայում գերիշխող դիրքի մասին՝ գործարարը վստահեցրել է, որ ներկայումս Հայաստանում որևէ գործարար չի կարող ունենալ բացարձակ գերիշխող դիրք մյուսների նկատմամբ։
«Ես վստահեցնում եմ ձեզ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում որևէ գործարար չի կարող ունենալ գերիշխող դիրք մեկը մյուսի նկատմամբ»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ վերջերս ստացվել էին տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է հայկական ընկերությունից ներմուծել մեծ քանակությամբ շաքարավազ՝ շուրջ 20 հազար տոննա։ Խոսքը գնում է հայկական «Սմարտ Կարգո» ընկերության մասին, որը պատկանում է գործարար Հարություն Քնարյանին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։