ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ. խնդիրները կհասցեագրվեն
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ և բժիշկ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրվել է նաև կարանտինային բաժանմունքը։
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Դիտարկվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող հարցերը, պահման պայմանները։
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ և բժիշկ:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացների, հացադուլի վարման ընթացքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, բազմիցս է անդրադարձել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խոնավության, սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներին, ինչը խնդրահարույց է ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ քրեակատարողական ծառայողների իրավունքների տեսանկյունից։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և հարցը պետք է ստանա համակարգային ու շուտափույթ լուծում:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկվել են հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի իրավունքի իրացման մեխանիզմների հնարավոր բարելավման, անձնական հիգիենայի ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, կալանավորված անձանց՝ ռադիոյով ապահովելու հետ կապված հարցեր։
Բոլոր հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացել է լուծում, որոշ խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ արձանագրված մյուս խնդիրները` համապատասխան լուծումներ գտնելու պահանջով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և պահման պայմանների բարելավման համակարգային հարցերը։ Մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։