Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։
Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։
«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,- ասել է Կոնստանտինոս Ցիմարասը։
Մինչ հուշագրի ստորագրումը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, վերականգնվող էներգիայի և ջրային ոլորտների կարգավորման, սակագնային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, կարգավորող մեթոդաբանությունների կատարելագործման և կայուն ջրային կառավարման ոլորտներում։
Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ սեմինարների, աշխատաժողովների, ուսումնական այցերի և փորձագիտական առաքելությունների կազմակերպում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի փոխանակում, ինչպես նաև համագործակցություն կարգավորող բարեփոխումների, շուկայի ազատականացման, էներգետիկ փոխակերպման և ոլորտային զարգացման հարցերում։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը