Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը
Դիմելու մանրամասն քայլաշարային ուղեցույցը ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի առաջիկայում։

Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների և արհեստագործական ուսումնարանների) դիմումների ընդունելությունը։ Այս տարի, առաջին անգամ, ընդունելության ողջ գործընթացն իրականացվելու է բացառապես թվայնացված եղանակով՝ my.emis.am միասնական հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ)։
Ընդունելության նոր կարգն ու տեխնիկական մանրամասները քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հանդիպում է ունեցել ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ գործընթացը բաղկացած է լինելու երկու հիմնական փուլից.
-
Ծնողները նախապես պետք է հաշիվ ստեղծեն my.emis.am հարթակում։ Էլեկտրոնային ստորագրություն ունեցողները կարող են նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակով, իսկ չունեցողները՝ սովորական եղանակով հաշիվ ստեղծելով։
-
Գրանցումից հետո ծնողները կկարողանան անմիջապես ներկայացնել դիմումները։ Դիմորդներին հնարավորություն է տրվում միաժամանակ հայտ ներկայացնել թե՛ քոլեջի, թե՛ ավագ դպրոցի ընդունելության համար։
Այս տարի թե՛ առաջին դասարանի, թե՛ ավագ դպրոցի և թե՛ քոլեջների ընդունելությունը կատարվում է նույն միասնական համակարգով։ Տարբեր պետական շտեմարանների փոխգործելիության շնորհիվ՝ ծնող-երեխա կապը, սոցիալական անապահովության կարգավիճակը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը (ԿԱՊԿՈՒ), ինչպես նաև 2020 թվականից հետո ստացված ավարտական փաստաթղթերը համակարգում կներբեռնվեն ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով։
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ միասնական թվային հարթակում հասանելի կլինի ամբողջական տեղեկատվություն առաջարկվող կրթական ծրագրերի, որակավորումների, ուսման ժամկետների, առկա տեղերի, վարձավճարների և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (դուալ կրթություն) վերաբերյալ։ Նոր ուսումնական տարվանից համակարգում պարտադիր հաշիվներ կունենան նաև քոլեջների տնօրենները, քանի որ հաստատությունների ողջ գործիքակազմը նույնպես տեղափոխվում է էլեկտրոնային տիրույթ։
Դիմելու մանրամասն քայլաշարային ուղեցույցը ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի առաջիկայում։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։