Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳՆ
Կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է․ ՆԳՆ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:
Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։
Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։
Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։
Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։