Քննիչ Միկիչի գործողությունները՝ Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում․ ո՞ւր են Արտյոմ Մարկոսյանի փաստաթղթերը
«Արմպուլսը» դիմել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ քննիչ Միկիչի կողմից ավտոմեքենայի վերադարձման և Արտյոմ Մարկոսյանի փաստաթղթերի չհանձնման հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

«Արմպուլս» լրատվական կայքը լրագրողական հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ խնդրելով պարզաբանել Նոյեմբերյանի քննչական ստորաբաժանման քննիչ Միկիչի կողմից ավտոմեքենայի վերադարձման և Արտյոմ Մարկոսյանի անձնական իրերի ու փաստաթղթերի հանձնման հանգամանքները։
Հարցման հիմքում տեղեկություններն են այն մասին, որ Արտյոմ Մարկոսյանի ձերբակալությունից հետո նրա օգտագործման ներքո գտնվող, սակայն այլ անձի սեփականությունը հանդիսացող «Hyundai Elantra» մակնիշի 37 HE 012 պետհամարանիշով ավտոմեքենան կապարակնքվել է։ Ըստ «Արմպուլսին» փոխանցված տեղեկությունների՝ Մարկոսյանի ձերբակալության հիմքում ընկած քրեական վարույթի հանգամանքներն անմիջականորեն կապված չեն եղել նշված ավտոմեքենայի հետ։
Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենայում գտնվել են Արտյոմ Մարկոսյանին պատկանող անձնական իրեր և փաստաթղթեր։ Նշվում է նաև, որ նա ունեցել է ավտոմեքենան վարելու և դրա հետ կապված այլ գործողություններ կատարելու, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
«Արմպուլսին» հասած տեղեկությունների համաձայն՝ Մարկոսյանը քննիչի հետ զրույցներում բազմիցս նշել է ավտոմեքենայում գտնվող կարևոր փաստաթղթերի մասին՝ խնդրելով դրանց նկատմամբ զգուշավոր վերաբերմունք ցուցաբերել և դրանք չհանձնել այլ անձանց՝ բացառությամբ իր հարազատների։ Այս հանգամանքները դեռևս պաշտոնական պարզաբանման կարիք ունեն։
Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալությունից շուրջ երեք ամիս անց ավտոմեքենան վերադարձվել է սեփականատիրոջը։ Վերջինս հետագայում կապ է հաստատել «Արմպուլսի» գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է Արտյոմ Մարկոսյանի անձնական իրերը փոխանցել նրան։
Ըստ խմբագրությանը փոխանցված տեղեկությունների՝ իրերի մի մասն արդեն հանձնվել է, սակայն որոշ փաստաթղթեր չեն տրամադրվել։ Ավտոմեքենայի սեփականատերը, ինչպես հաղորդվել է խմբագրությանը, նշել է, որ այդ փաստաթղթերն առնչվում են նաև իրեն, և հրաժարվել է դրանք հանձնելուց։
Այս հանգամանքների կապակցությամբ «Արմպուլսը» Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ուղղված հարցմամբ խնդրել է պարզաբանել, թե ինչ իրավական հիմքով և դատավարական ընթացակարգով է ավտոմեքենան վերադարձվել սեփականատիրոջը, ինչպես նաև արդյոք մինչ այդ ստուգվել է մեքենայում գտնվող իրերի և փաստաթղթերի պատկանելությունը։
Խմբագրությունը նաև հետաքրքրվել է, թե ինչ ընթացակարգով պետք է վերադարձվեն քրեական վարույթի շրջանակում զննված կամ առգրավված ավտոմեքենայում հայտնաբերված՝ այլ անձի պատկանող իրերն ու փաստաթղթերը, և արդյոք ավտոմեքենայի սեփականատերն իրավասու է ինքնուրույն որոշելու՝ դրանցից որոնք հանձնել, իսկ որոնք՝ ոչ։
Հարցմամբ Քննչական կոմիտեից խնդրվել է նաև պարզաբանել՝ արդյոք քննիչին հայտնի է եղել ավտոմեքենայում Արտյոմ Մարկոսյանի կարևոր փաստաթղթերի առկայության մասին, ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց պահպանությունն ու պատշաճ վերադարձն ապահովելու համար, և արդյոք կոմիտեն տեղեկացված է փաստաթղթերի մի մասը չհանձնելու վերաբերյալ առաջացած խնդրին։
«Արմպուլսը» ակնկալում է Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանը։ Պատասխանը ստանալուց հետո խմբագրությունը պատրաստ է այն ներկայացնել ընթերցողներին՝ ապահովելով նաև իրավասու մարմնի դիրքորոշման հրապարակայնությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։