«33 տարի անց վերադարձել եմ, բայց փոշմանել եմ»․ Ադրբեջանի բնակչուհու բողոքը Ղարաբաղից
Աշխատանք չկա, բնակարանի պայմանները դժգոհություն են առաջացրել․ Ադրբեջանի բնակչուհին՝ Ղարաբաղի մասին

Ադրբեջանի բնակչուհին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում դժգոհում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղում ստեղծված պայմաններից՝ մասնավորապես անդրադառնալով աշխատանքի բացակայությանը, իրեն տրամադրված բնակարանի պայմաններին և տեղական կառույցների վերաբերմունքին։ Նա նաև հայտարարել է, որ իրեն «հայից էլ վատ են վերաբերվում», այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեսանյութում կինը ներկայանում է որպես նախկին հարկադիր տեղահանված, վետերանի դուստր և զոհված զինծառայողի ընտանիքի անդամ։ Նրա խոսքով՝ 33 տարի սպասել է հայրենի հող վերադառնալուն, սակայն այժմ զղջում է Ղարաբաղ տեղափոխվելու համար։
«Իրոք, որպես հարկադիր տեղահանված, որպես վետերանի դուստր, որպես զոհված զինծառայողի ընտանիքի անդամ՝ փոշմանել եմ, որ տեղափոխվել եմ Ղարաբաղ»,- ասում է նա։
Բնակչուհին պնդում է, որ վերադարձից հետո չի կարողացել աշխատանք գտնել։ Նա նշում է, որ դիմել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, սակայն խնդիրը չի լուծվել։
«Դուք նստած եք Ղարաբաղում և մեր հաշվին բարձր աշխատավարձ եք ստանում։ Ինչո՞ւ մեզ աշխատանքով չեք ապահովում»,- ասում է նա։
Նրա դժգոհությունների շարքում է նաև իրեն տրամադրված բնակարանի հետ կապված պայմանագիրը։ Բնակչուհին հարց է բարձրացնում, թե ինչու տարիներ շարունակ սպասված տունը անմիջապես չի փոխանցվում իր սեփականությանը։
«33 տարի անց վերադարձել եմ իմ հողն ու տունը։ Հիմա դուք իմ սեփական տունը ինձ պայմանագրո՞վ եք տալիս»,- հայտարարում է նա։
Կինը նաև դժգոհում է իր նկատմամբ վերաբերմունքից՝ պնդելով, որ իր երկրում իրեն «հայից էլ վատ են վերաբերվում»։
Տեսանյութի վերջում նա նշում է, որ այլևս չի վախենում ճնշումներից կամ ձերբակալությունից և ասում է, որ հոգնել է ստեղծված իրավիճակից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։