«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի
Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Երևանի Բուզանդի 32 հասցեի գույքի հետ

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ, այս մասին հայտնում է "Հետքը"։
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
"2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:
Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:
Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:
ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:
Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները:",– ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։