Քաղաքականություն
10 ապրիլի 2026 • 06:26
Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը
Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է. «Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Երևանում այսքան կարևոր առիթով։
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ բարեկամներ,
Իրոք մեծ հաճույքով եմ միանում ձեզ` նշելու Հայաստան-Էստոնիա հարաբերություններում այս նշանակալի հանգրվանը՝ Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ այս որոշումը հեշտ չի եղել՝ ո՛չ կայացման, ո՛չ էլ Էստոնիայի կառավարության համապատասխան բոլոր գերատեսչությունների հետ և միջոցով դրա առաջմղման առումով։
Հավատացեք ինձ, ես շատ լավ գիտեմ, թե որքան բարդ է դա։ Մենք էլ ունենք մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆինանսների նախարարության մեր գործընկերների և մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք, իհարկե, ողջունում են նման որոշումները։ Իսկ կատակը մի կողմ, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։
Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ուժեղ աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։
Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։
Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը, և թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, Ձեզ` հարգելի՛ նախարար,ինչպես նաև Ձեզ` տիկի՛ն դեսպան, Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։
Խնդրում եմ վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ձեզ սպասում է ընկերների թիմ։ Դուք միշտ կարող եք ըմբռնում և աջակցություն գտնել այդ շենքում, որը, ի դեպ, շատ մոտ է, և որի հասցեն դուք գիտեք։
Ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս։
Ինչպես նշեցիք, սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մարգուս, մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր։
Շնորհավորում եմ»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։