Գեղամ Նազարյանն առաջարկում է ընտրակաշառք տված ուժերի համար փակել քաղաքականության դուռը
Ի պատասխան Գալյանն ասաց՝ դրա համար բավարար օրենսդրական բազա կա, իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք են տարել կամ տանում։

ՀՀ իշխանության ներսում կոնսենսուս լինելու դեպքում նոր Սահմանադրության նախագծով կսահմանվի, որ եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ է տվել ակնհայտ խախտումներ, որոնք կապված են կամ կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա քաղաքական ուժերն ուղղակի հնարավորություն չունենան մասնակցելու ընտրական պրոցեսներին։ Այս մասին 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Պատգամավորը հայտարարեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ամբողջովին զբաղված են ՀՀ քրեական օրենսգիրքը խախտելով, արդյոք ժամանակը չէ՞, որ օրենքով կամ դատարանի որոշումներով այդ քաղաքական ուժերին պատասխանատվության ենթարկել։
«Բացի այն, որ հաղորդագրություններ ենք ստանում իրավապահ մարմիններից, մենք մեր աչքերով էլ տեսանք, թե ինչ խայտառակ պատկերի ականատեսը եղանք։ Հիմա մենք անցնե՞նք այս ընտրությունները, ասենք` դե լավ` մեկին բռնեցին, մյուսին բաց թողեցին, ոմանց չնկատեցին... Մենք այդպիսով հիմք ենք նախապատրաստում, որ հաջորդ ընտրություններին խախտումների ավելի մեծ ծավալների բախվենք։ Իսկ ընտրակաշառք ինքնաբուխ չեն բաժանում` տեղական նախաձեռնությամբ ինչ–որ մարդիկ չեն վեր կենում ու փող բաժանում, այդ փողն ինչ–որ կենտրոնից հրահանգված է բաժանվում, այդ կենտրոնները մասնակցում են ընտրություններին»,– ասաց Նազարյանը։
Ըստ նրա` ոչ թե տվյալ ուժին պետք է արգելել մասնակցել ընտրություններին, այլև ընդհանրապես տվյալ ուժի գործունեությունը կասեցնել և այդ ուժի ցուցակի առաջին 50 անձանց քաղաքական գործունեությունն առանվազն 30 տարով արգելել։
Ի պատասխան Գալյանն ասաց՝ դրա համար բավարար օրենսդրական բազա կա, իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք են տարել կամ տանում։
«Որպես արդարադատության նախարարություն, մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապագայում կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե լինի կոնսենսուս, ապա հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն` եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ է տվել ակնհայտ խախտումներ, որոնք կապված են կամ կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա մենք պետք է ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցություններն ուղղակի հնարավորություն չունենան մասնակցելու ընտրական պրոցեսներին` այդպիսով չխաթարելով քվեարկություններին և ընտրության արդյունքը»,– հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ այդ մասով կա նաև հանրային պահանջ։
Ինչ վերաբերում է ՔԿՀ–ներում այս ընտրությունների արդյունքներին, Գալյանն ասաց, որ դրանք վկայում են մեր երկրի ժողովրդավար լինելու մասին։
«Վերջին երկու ընտրություններին ՔԿՀ–ներում իշխող ուժի օգտին ձայն է տվել դատապարտյալների միայն 20 տոկոսը։ Քվերակությանը ոչ բոլորն են իրավունք ունենում մասնակցելու` Սահմանդրությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք ընտրելու իրավունք չունեն»,– ասաց նախարարը։
Ըստ Գալյանի` շատ օբյեկտիվ պատկեր է ստացվել ՔԿՀ–ներում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: