Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից․Արտյոմ Կարապետյան
« Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն»:

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները։ Բնականաբար, սա չէր կարող հանրության որոշակի շրջանակներում չառաջացնել դժգոհություններ, և այս առիթով քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցում դիմել է քաղաքացիներին և հորդորել է լինել մի փոքր ավել համբերատար և հանդուրժող․
«Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի հարմար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։