Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը
2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:
Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:
Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։
Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։
2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։