ԱՀԿ-ն իր պատմության մեջ ընդամենը երեք անգամ է Էբոլա վիրուսի պատճառով հայտարարել գլոբալ արտակարգ իրավիճակ
Էբոլա վիրուսի նախկինում առավել տարածված շտամների (հատկապես Զաիր և Սուդան) և ներկայիս բռնկումն առաջացրած Բունդիբուգիո շտամի միջև առկա են զգալի գենետիկական, կլինիկական և բժշկական տարբերություններ:

Էբոլա վիրուսային վարակի ներկայիս բռնկման պատճառով միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) պաշտոնապես հայտարարվել է 2026 թվականի մայիսի 17-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրենն այս որոշումն ընդունել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում վիրուսի նոր «Բունդիբուգյո» շտամի արագ տարածման և սահմաններն անցնելու պատճառով։
«Հերացի »վերլուծական կենտրոնից նշում են, որ ԱՀԿ-ն իր պատմության մեջ ընդամենը երեք անգամ է Էբոլա վիրուսի պատճառով հայտարարել գլոբալ արտակարգ իրավիճակ.
1. 2014 թվականի օգոստոսի 8` Արևմտյան Աֆրիկայում (Գվինեա, Լիբերիա, Սիերա Լեոնե) բռնկված պատմության ամենամեծ համաճարակի ժամանակ։
2. 2019 թվականի հուլիսի 17` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու նահանգում բռնկված երկրորդ խոշոր համաճարակի ժամանակ։
3. 2026 թվականի մայիսի 17 (Ներկայիս)` ԿԴՀ-ի Իտուրի նահանգում և Ուգանդայում հազվադեպ հանդիպող շտամի տարածման պատճառով, որի դեմ դեռևս չկա հաստատված պատվաստանյութ։
Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին, երբ միաժամանակ երկու խոշոր բռնկումներ արձանագրվեցին Աֆրիկայում: Վիրուսն իր անվանումը ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (այն ժամանակ՝ Զաիր) Էբոլա գետից, որի մոտակայքում գտնվող գյուղում գրանցվել էր բռնկման էպիկենտրոնը:
Առաջին բռնկումը տեղի ունեցավ Զաիրի Յամբուկու գյուղում (Զաիր շտամ, 88% մահացություն), իսկ երկրորդը՝ Սուդանի Նզարա քաղաքում (Սուդան շտամ, 53% մահացություն): 1990-ական թթ.-ին գիտնականները հայտնաբերեցին վիրուսի նոր տեսակներ, այդ թվում՝ Կոտ դ'Իվուարում (1994թ.) և ԱՄՆ-ի Ռեստոն քաղաքի լաբորատոր կապիկների մոտ (Ռեստոն շտամ, որը մարդու համար մահացու չէ): 2007 թ.-ին Ուգանդայի Բունդիբուգիո շրջանում առաջին անգամ նկարագրվեց վիրուսի հինգերորդ շտամը, որն այսօր կրկին արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել:
Տասնամյակների հետազոտություններից հետո պարզվեց, որ վիրուսի բնական շտեմարանը չղջիկներն են, որոնցից վիրուսը փոխանցվում է կապիկներին, անտառային այծերին, ապա՝ մարդուն:
1976 թվականից սկսած տասնյակ տարիներ Էբոլան համարվում էր գրեթե 100% անբուժելի հիվանդություն: Միայն 2020-ականների սկզբին հաստատվեցին առաջին արդյունավետ հակամարմիններով դեղամիջոցները Զաիր շտամի համար:
Եթե նախկինում Էբոլան համարվում էր միայն աֆրիկյան հեռավոր գյուղերի խնդիր, ապա 2014 թվականի գլոբալացումը ցույց տվեց, որ այն ավիացիայի միջոցով կարող է արագ հասնել Եվրոպա և ԱՄՆ՝ դառնալով համաշխարհային սպառնալիք:
Այսօր համաճարակն ակտիվորեն տարածվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Իտուրի նահանգում և արդեն մուտք է գործել հարևան Ուգանդա (դեպքեր են գրանցվել մայրաքաղաք Կամպալայում): Բռնկումն առաջացել է Էբոլայի հազվադեպ հանդիպող Բունդիբուգիո շտամից: Ի տարբերություն առավել տարածված Զաիր շտամի, Բունդիբուգիո տեսակի դեմ ներկայումս չկա որևէ հաստատված պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց: Բուժումն իրականացվում է միայն ախտանշանային թերապիայի միջոցով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և տեղական գերատեսչությունների վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսի ընթացիկ բռնկման շրջանակներում արձանագրվել է ավելի քան 390 կասկածելի և հաստատված դեպք, որոնցից առնվազն 119-ը ավարտվել է մահվան ելքով: Իրավիճակը շարունակում է արագորեն զարգանալ:
Իտուրի նահանգում առկա հումանիտար ճգնաժամը, զինված բախումները և բնակչության մեծ տեղաշարժը դժվարացնում են համաճարակի վերահսկումը և նպաստում վիրուսի ակտիվ տարածմանը: Մահացածների թվում կան բուժաշխատողներ, ինչը վկայում է հիվանդանոցներում վարակի հսկողության թույլ մեխանիզմների մասին:
Վարակվածների հայտնվելը խոշոր քաղաքներում մեծացնում է միջազգային տարածման վտանգը, ինչի պատճառով ԱՄՆ-ն և այլ երկրներ արդեն ուժեղացրել են օդանավակայանների սանիտարական հսկողությունը:
Էբոլա վիրուսի նախկինում առավել տարածված շտամների (հատկապես Զաիր և Սուդան) և ներկայիս բռնկումն առաջացրած Բունդիբուգիո շտամի միջև առկա են զգալի գենետիկական, կլինիկական և բժշկական տարբերություններ: Շտամների միջև գենետիկական տարբերությունների պատճառով սովորական ՊՇՌ (PCR) թեստերը, որոնք մշակվել են Զաիր շտամի համար, կարող են արդյունավետ չլինել Բունդիբուգիոյի հայտնաբերման հարցում: Սա բարդացնում է վարակի վաղ փուլի ախտորոշումը:
Չնայած այս տարբերություններին, վարակման ուղիները` կենսահեղուկների հետ ուղղակի շփման միջոցով և հիվանդության գաղտնի շրջանը (միջինում 8-10 օր) երկու շտամների դեպքում էլ գրեթե նույնն են:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։