Հայաստան
12 հունիսի 2026 • 10:22
Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր ձկնատեսակներ ինքնակամ բաց են թողնվել ջրային ավազաններ
«Բարի մտադրությունը չպետք է վերածվի բնության համար վտանգավոր միջամտության»։

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճում, նրա ջրհավաք ավազանում, գետերում և այլ բնական ջրային միջավայրերում բացառել ցանկացած միջամտություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր ձկնատեսակներ ինքնակամ բաց են թողնվել ջրային ավազաններ։
Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը Հայաստանի Հանրապետության համար ունեն բացառիկ բնապահպանական, ջրային և կենսաբազմազանության նշանակություն։ Այդ պատճառով Սևանա լճում, նրա ջրհավաք ավազանում, գետերում և այլ բնական ջրային միջավայրերում ցանկացած միջամտություն, այդ թվում՝ կենդանական տեսակների բացթողումը, կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով, համապատասխան մասնագիտական գնահատման և լիազոր մարմնի թույլտվության հիման վրա։
Թեև նման գործողությունները հաճախ կատարվում են բարի մտադրությամբ, առանց մասնագիտական գնահատման դրանք կարող են հանգեցնել լուրջ և երբեմն անդառնալի հետևանքների՝
․ խաթարել բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը,
․վտանգել տեղական ձկնատեսակների պահպանությունը,
․նպաստել օտարածին կամ ինվազիվ տեսակների տարածմանը,
․տարածել հիվանդություններ և մակաբույծներ,
․բացասաբար ազդել Սևանա լճի և հարակից ջրային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա։
Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու գործողություններից։
Բնության պահպանությունը պահանջում է ոչ միայն բարի կամք, այլև գիտական հիմնավորում, մասնագիտական գնահատում և գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանում։
Բարի մտադրությունը չպետք է վերածվի բնության համար վտանգավոր միջամտության։
Եթե տեղեկություններ ունեք նման դեպքերի վերաբերյալ, խնդրում ենք այդ մասին հայտնել լիազոր կամ իրավապահ մարմիններին՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։