Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։
Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։ Հորինվածքի կենտրոնական մասը ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։
Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։