Հայաստան
30 հունիսի 2026 • 10:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հայտնում են կառավարությունից։
Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ պետություններին՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։