Թբիլիսին պահանջում է պարզաբանումներ, Բաքուն՝ հարգանք տարածքային ամբողջականության նկատմամբ
Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ տաճարի տարածքում իրականացվող աշխատանքների առնչությամբ։

Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գևորգի Կուրմուխի տաճարի տարածքում իրականացվող պեղումների և շինարարահետազոտական աշխատանքների առնչությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Թբիլիսիում հայտարարել են, որ աշխատանքներն իրականացվում են միակողմանի կարգով, և Վրաստանի պետական իշխանություններին կոչ են արել անհապաղ միջամտել իրավիճակին։
Վրաց ուղղափառ եկեղեցում տաճարը համարում են Վրաստանի պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկը։ Պատրիարքարանում ընդգծել են, որ Ադրբեջանի պետական կառույցներից աշխատանքների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։
Պատրիարքարանը Վրաստանի համապատասխան կառույցներին կոչ է արել Բաքվից շտապ պաշտոնական պարզաբանումներ պահանջել և հասնել նրան, որ աշխատանքների գործընթացում ներգրավվեն նաև վրացի մասնագետներն ու հոգևորականները։
«Ցանկացած միջամտություն՝ թե՛ հենց տաճարին, թե՛ հարակից տարածքին, բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած աշխատանքների անհասկանալի նպատակներից մինչև Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի վերականգնումն առանց վրացական կողմի համաձայնության։ <…> Միայն ժամանակին և համակարգված համագործակցությունը թույլ կտա ապահովել այս հուշարձանի պատշաճ պաշտպանությունն ու պահպանությունը»,- ասվում է Վրաց ուղղափառ եկեղեցու հայտարարության մեջ։
Պատրիարքարանում նաև նշել են, որ տեղի ունեցածը վրաց հասարակության շրջանում առաջացրել է «սուր արձագանք և արդարացի վրդովմունք», ինչը, նրանց գնահատմամբ, կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա։
Պատրիարքարանի հայտարարության առիթը դարձել են «Սաինգիլոյի երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության հրապարակած լուսանկարները։ Դրանցում երևում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցու շուրջը և ներսում հողային աշխատանքներ են իրականացվել։
Ակտիվիստների պնդմամբ՝ ադրբեջանական կողմը հնագիտական աշխատանքներ է իրականացնում՝ առանց վրացի վերականգնողների ներգրավման և առանց Վրաց ուղղափառ եկեղեցուն տեղեկացնելու։ Հրապարակված կադրերը լայն արձագանք են ստացել վրացական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաց պատրիարքարանի հայտարարությունը Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուխի տաճարի վերաբերյալ հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամության, գործընկերության և բարիդրացիության հարաբերությունների ոգուն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելն անընդունելի է։
«Ադրբեջանը միշտ հարգանքով է վերաբերվել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ, վրացական կողմի նույնպիսի վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կարևոր հիմք է երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության հարաբերությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Վրաց պատրիարքարանին նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի մոտեցումներից, որոնք, իր գնահատմամբ, կարող են վնաս հասցնել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։
«Այս կապակցությամբ խորհուրդ չի տրվում, որ Վրաց պատրիարքարանը կրկնի Հայ առաքելական եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևի նրա օրինակին»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ երկրի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները համարում է ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։