Ստեփանակերտում «Տատիկ-պապիկ» հուշարձանը քանդելու լուրն այս պահին չի հաստատվում. Պաշտոնական հայտարարություն
Կառույցները հորդորում են քաղաքացիներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատմանը։

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում գտած այն լուրերը, թե ադրբեջանական կողմը Ստեփանակերտում քանդում է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այս պահի դրությամբ չեն հաստատվել։ Այս մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալությունը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, համացանցում տարածվող լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը ներկայումս գտնվում են ստուգման փուլում։ Ուսումնասիրությունն իրականացվում է բազմակողմանի փաստերի, այդ թվում՝ արբանյակային պատկերների և այլ հավաստի աղբյուրների հիման վրա։
Կառույցները հորդորում են քաղաքացիներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատմանը։
«Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Մասնագետներն ընդգծում են, որ նմանատիպ աղմկահարույց հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Ցավով արձանագրվում է նաև, որ վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը խոստանում է ստուգման ավարտից հետո կամ նոր հաստատված տվյալների առկայության դեպքում հանրությանը տեղեկացնել պաշտոնական հայտարարությամբ։ Հաշվի առնելով հանրության վրա հնարավոր հոգեբանական բացասական ազդեցությունը՝ կառույցները ձեռնպահ են մնացել այդ լուսանկարը հրապարակելուց։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։