Հայաստան
8 օգոստոսի 2026 • 08:29
Շինարարի օրը Հայաստանում նշվել է հանդիսավորությամբ․ Շինարարների միությունը տոնում է 30-ամյակը
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև շինարարության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետությունում մեծ հանդիսավորությամբ նշվել է Շինարարի մասնագիտական տոնը, որն այս տարի նշանավորվել է նաև Հայաստանի շինարարների միության գործունեության 30-ամյա հոբելյանով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, թեև Շինարարի օրն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի երկրորդ կիրակի օրը, Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը, համատեղելով կրկնակի տոնի առիթը, օգոստոսի 7-ին կազմակերպել են հանդիսավոր միջոցառում։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև շինարարության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել նրանց անմնացորդ նվիրումն ու պատասխանատու աշխատանքը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ շինարարության ոլորտը մշտապես հանդիսացել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուներից մեկը։
Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյա գործունեությանը՝ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միության առանցքային դերակատարումը ոլորտի զարգացման գործում և վստահություն հայտնել, որ այն կշարունակի արդյունավետորեն նպաստել պետություն-մասնավոր փոխգործակցության ամրապնդմանը։
Ոլորտի նվիրյալներին շնորհավորել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ հանրապետությունում իրականացվող մեծածավալ շինարարական ծրագրերի միջոցով ձևավորվում է մասնագիտական նոր փորձառություն։
Այս համատեքստում նախարարն առանձնակի անդրադարձ է կատարել ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի 2029 թվականի առաջնության անցկացման նպատակով նախատեսվող նոր մարզադաշտերի կառուցման աշխատանքներին։ Ելույթից հետո Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։
Համադրելի ցուցանիշներ և ոլորտային բարեփոխումներ է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարության ոլորտը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը։
-
Շինարարության ծավալը․ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 2025 թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ ոլորտի ծավալն աճել է 24.5%-ով՝ կազմելով 282.2 մլրդ դրամ։
-
Հարկային մուտքերը․ 22%-ով ավելացել են շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկային եկամուտները։
«Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին։ Կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման»,- նշել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա առաջնահերթություններից է լինելու նաև թվային համակարգերի կիրառմամբ տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների վաստակը․
«Շինարարների միությունը ոլորտի մասնագիտական հեղինակավոր հարթակ է, որն արդեն երեք տասնամյակ միավորում է շինարարներին, նախագծողներին, ճարտարապետներին, ինժեներներին, արտադրողներին և ոլորտի բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց աշխատանքով կերտում են Հայաստանի քաղաքներն ու համայնքները»,- ընդգծել է նա։
Վահան Հարությունյանը և Եղիազար Վարդանյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրեր։
Շինարարներին շնորհավորել և պարգևատրել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ նրանց հանձնելով «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալներ և Երևանի քաղաքապետի պատվոգրեր։
Հանդիսավոր միջոցառումն ամփոփվել է տոնական երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի ձեռքբերումներին նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։