Պետական դավաճանության և լրտեսության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. թիրախում ԱԺ պատգամավոր է
Նախնական տվյալներով՝ Ա.Թ.-ն 2024 թվականի ընթացքում հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ։ Գործի հիմքում Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված հաղորդումն է։
Ըստ իրավապահների տարածած տեղեկատվության՝ հանցավոր արարքի մեջ կասկածվում է ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ Ա.Թ.-ն: Վերջինս՝
- 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքին,
- Ընդգրկված է եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում և հանդիսանում է ԱԺ պատգամավոր։
Նախնական տվյալներով՝ Ա.Թ.-ն 2024 թվականի ընթացքում հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Նա գործել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի (ով հանդիսանում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ) հանձնարարությամբ։
Պատգամավորն ապօրինի կերպով հավաքել և ռուսերեն է թարգմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերել են 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքին ու արդյունքներին։
Այս տեղեկությունները փոխանցելու դիմաց Ա.Թ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 622,000 ԱՄՆ դոլար գումար։ Ըստ իրավապահների՝ նա կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան գլխավոր վարչությունում վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով.
- Հոդված 418, մաս 1 – Պետական դավաճանություն,
- Հոդված 424, մաս 1 – Լրտեսություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։