«Փարավոն»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ
Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։
Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26 թթ. կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն ՀՀ դրամ։
Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը