Հայաստան
29 մայիսի 2026 • 18:16
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները մտացածին են. Մելոյան
Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։

Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները՝ ընտրակաշառքի բացահայտումները, մտացածին են, ու միակ նպատակն է հարվածել քաղաքական ուժի հանրային հեղինակությանը։ Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունները չեն հասել իրենց նպատակին, քանի որ իրենց կուսակցության շարքերն օրեցօր մեծանում են։
Այսօր էլ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
«Այդ ձայնագրության հավաստիությունը արձանագրվա՞ծ է, արդյո՞ք անցել է փորձաքննություն, ովքե՞ր են այդ ձայնագրության մեջ խոսող անձինք, արդյոք նրանք սադրիչներ չեն կամ ապացուցվե՞լ է այդ մարդկանց առնչությունը մեր քաղաքական ուժին։ Սրանք հարցեր են, որոնք մինչ օրս անպատասխան են»,– ասել է նա։
Մելոյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեց իրենց ուժի դեմ սկսած իրավական գործընթացներին՝ հիշեցնելով, որ իրավապահները հետապնդում են սկսում գործող վարչապետի հայտարարություններից անմիջապես հետո։
«Եթե բացեք Հակակոռուպցիոն կոմիտեի կայքէջը, ապա որևէ գործով նման հրատապություն չեք տեսնի, որ ձայնագրություն են տեղադրում կամ գործի քննության հետքերով գնում են ու անմիջապես՝ մի քանի ժամ հետո, հայտարարություն են տարածում, ու գործն այդտեղից կանգնում է։ Ցավում եմ, որ մեր իրավապահները, որոնք ունեն ավելի կարևոր առաքելություն, քանի որ հանցավորության աճ կա երկրում, ու այնպիսի մարզ չկա, որ հանցավորությունը գոնե 2 անգամ աճած չլինի, սակայն 2021-2025 թվականների իրավապահների ռեսուրսը միայն ընդդիմադիրներին ճնշելու վրա է գործադրվում»,– ընդգծեց Մելոյանը։
Կուսակցության անդամը շեշտել է՝ իրենք ընտրակաշառք բաժանելու կարիք չունեն, քանի որ մարդիկ ինքնակամ անդամագրվում են։ Նա նկատեց, որ իրենց ուժի կազմավորումից մինչ օրս արդեն ձերբակալվածների թիվը չորս հարյուրի է հասնում։
«Ինչ են անում այդ տեսանյութերը. ձայնագրությունները վերցնում են պաշտոնատար անձինք՝ նախարար, վարչապետ, պատգամավոր, ու ֆեյսբուքապետության տրամաբանության մեջ սկսում են հրապարակել սոցցանցերու»,– ասել է նա։
Մելոյանը նաև պատասխանեց հարցի` արդյոք պատրաստվում են դատի տալ Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանին լրտես անվանելու համար և հայտարարեց, որ իր տեղեկություններով գործընկերներն արդեն սկսել են իրավական ընթացք տալ։
«Մենք փորձելու ենք այս զրպարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարր պարունակող հայտարարությունների նկատմամբ թե՛ հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե՛ քաղաքացիաիրավական դաշտում գնալ դրանց հետքերով»,– շարունակել է Մելոյանը։
Կարդացեք նաև
Հայաստան29 մայիսի 2026
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։
Հայաստան29 մայիսի 2026
Հանրապետության տոնի առթիվ ՔԿ նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հայաստան29 մայիսի 2026
Անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն. ՄԻՊ
Հանդիպման ընթացքում հարազատները տեղեկացրել են կարևոր նախաձեռնության՝ Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի հիմնադրման մասին։