Նյու Յորքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգը. ԱՄՆ-ի հետ գործընկերությունը նոր փուլ է թևակոխում
ԱԳ նախարարի տեղակալի ձևակերպմամբ՝ այս ծրագրի հաջող իրագործումը պահանջում է խաղաղ ու կայուն տարածաշրջանային միջավայր, մատակարարման շղթաների կանխատեսելիություն, առևտրի դյուրացում և թվային փոխկապակցվածություն։

Նյու Յորքում ընթացող «Trade over Aid» (Առևտուր՝ օգնության փոխարեն) ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ռազմավարությունն ու արդիականացմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Իր ելույթում փոխնախարարն ընդգծել է, որ դիվերսիֆիկացման քաղաքականության հիմքում ընկած է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից ունեցած կառուցվածքային կախվածության նվազեցումը։ Նշվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք ու տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով ՓՄՁ-ներին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալում։
ԱԳ նախարարի տեղակալի ձևակերպմամբ՝ այս ծրագրի հաջող իրագործումը պահանջում է խաղաղ ու կայուն տարածաշրջանային միջավայր, մատակարարման շղթաների կանխատեսելիություն, առևտրի դյուրացում և թվային փոխկապակցվածություն։
Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն.
-
«ԹՐԻՓՓ» տարածաշրջանային նախագիծը. Այն ներկայացվել է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդման և առևտրային նոր հնարավորությունների ստեղծման գործիք, որի սկզբունքներն արդեն իսկ ամրագրվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապատասխան շրջանակային համաձայնագրով։
-
Բարձր տեխնոլոգիաներ և «Firebird AI». Որպես տեխնոլոգիական ոլորտում ռազմավարական համագործակցության առանցքային օրինակ՝ նշվել է Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնը։ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
-
Միջուկային էներգետիկա և հանքարդյունաբերություն. Փոխնախարարն անդրադարձել է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների արդյունահանման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմանը։
Ելույթի ավարտին Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: