Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ
Ըստ կառավարության ղեկավարի՝ բյուջետային համակարգով արված է ամեն ինչ, որպեսզի հաստատություններում ապահովվի շահագործման պատշաճ մակարդակ։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է չպլանավորված ստուգումների շարք սկսելու մասին՝ անդրադառնալով իր վերջին այցերից մեկի ժամանակ նորակառույց մանկապարտեզում արձանագրված անմխիթար վիճակին։ Կառավարության ղեկավարի հրահանգով տվյալ հաստատության տնօրենն արդեն ազատվել է աշխատանքից։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ եթե հին ու խարխուլ շենքերում սանիտարահիգիենիկ վատ պայմանները դեռ հնարավոր է ինչ-որ կերպ բացատրել, ապա նորակառույց հաստատություններում նման պատկերն անհանդուրժելի է։ Վարչապետը նախազգուշացրել է, որ առաջիկայում չնախատեսված այցեր է կատարելու դպրոցներ, մանկապարտեզներ և զորամասեր։
«Եթե դա վերաբերում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու է աշխատանքից՝ առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Ես ուզում եմ, որ մենք սա ի գիտություն ընդունենք»,- հայտարարել է նա։
Ըստ կառավարության ղեկավարի՝ բյուջետային համակարգով արված է ամեն ինչ, որպեսզի հաստատություններում ապահովվի շահագործման պատշաճ մակարդակ։ Համայնքների հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պատշաճ պահպանության ծախսերը հստակ բյուջետավորվեն։
Հետևաբար, ցանկացած նախագծային շեղման կամ վատ խնամքի դեպքում տնօրենները օրերի ընթացքում կլքեն պաշտոնները։ Ավելին՝ եթե որևէ մարզում կամ համայնքում խնդիրը կրկնվող բնույթ կրի, պատասխանատվության են կանչվելու նաև վերահսկողության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները։
Վարչապետն ընդգծել է, որ հարցն ունի խորքային և ռազմավարական նշանակություն, քանի որ երեխաներին նման անմխիթար միջավայրում մեծացնելը բացասաբար է անդրադառնում նրանց մտածողության և երկրի ապագայի վրա՝ 20 տարվա կտրվածքով։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը