Հայաստան
5 հուլիսի 2026 • 06:24
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով
Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։
Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում եւ էական է, թե ով եւ ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, եւ սա պետության կայունության ու զարգացման կարեւոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։
Իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապի բացակայությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, եւ 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։
Ընտրությունների արդյունքներով ձեւավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաեւ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլեւ ծագումնաբանությամբ եւ իրականությամբ։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության եւ իշխանության տերն է, եւ այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է եւ հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ եւ երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։
Շնորհավորում եմ բոլորիս այս եւ Սահմանադրության օրվա առիթով։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: