Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին
Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ քննարկել է ընտրական գործընթացների վերահսկողությունն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին, այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել առաքելության բազմամյա գործունեության համար՝ ընդգծելով դրա կարևոր դերը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
«Դուք կարևորագույն առաքելությամբ եք հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Կարող եմ ասել, որ մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հատկապես՝ ընտրական ինստիտուտի ձևավորման գործում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը շատ զգալի և կարևոր է։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ձեր աջակցությամբ, օգնությամբ և մեթոդաբանության կիրառմամբ մենք կանցկացնենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս ամենի արդյունքում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնն իսկապես տեղ է հասել»,- նշել է նախագահը։
Յանեժ Լենարչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջին դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացվել է դեռևս 1996 թվականին, իսկ ներկայիս առաքելությունը 30-րդն է։
«Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում, և ես մանրամասների մեջ շատ չեմ մտնի, քանի որ դուք ինքներդ ամեն ինչ շատ լավ գիտեք»,- ասել է Լենարչիչը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու ընտրական գործընթացների վերահսկողությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են ընտրությունների նկատմամբ հետևողական մշտադիտարկումը՝ այն դիտարկելով որպես ընտրական գործընթացների որակի բարձրացման և հնարավոր խախտումների կանխարգելման կարևոր գործոն։
Անդրադարձ է կատարվել նաև նախընտրական շրջանում երկրում առկա հասարակական-քաղաքական մթնոլորտին։ Նախագահ Խաչատուրյանը և Յանեժ Լենարչիչը շեշտել են քաղաքական հանդուրժողականության և պատասխանատու նախընտրական քարոզչության կարևորությունը՝ ընդգծելով, որ դա ժողովրդավարական կայունության կարևոր նախապայման է։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: