Մինչև 100 հազար դրամ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ մինչ այդ անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական, այդ թվում՝ թվային հարթակների ներդրման աշխատանքներ։

Հայաստանում նոր ծրագիր է ներդրվում, որով պետությունը ֆինանսական աջակցություն և հարկային արտոնություններ կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և 63 տարեկանից բարձր անձանց։ Կառավարության հունիսի 18-ի նիստին որոշման նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Աջակցությունը կտրամադրվի մասնավոր հատվածի այն գործատուներին (բացառությամբ պետական մարմինների), որոնք նշված խմբերի քաղաքացիների հետ կկնքեն առնվազն 3-6 ամիս տևողությամբ աշխատանքային պայմանագրեր: Թույլատրվում են նաև մասնակի աշխատաժամանակով (կես դրույքով) պայմանագրերը։
Ծրագրով նախատեսվում է խրախուսման եռափուլ համակարգ.
-
Առաջին 3 ամիսների համար. Գործատուին կփոխհատուցվի աշխատողի եկամտային հարկի 50 տոկոսը (ոչ ավելի, քան 25 հազար դրամը):
-
4-6 ամիսների համար. Աշխատանքային հարաբերությունների կայունացման փուլում կփոխհատուցվի եկամտային հարկի 100 տոկոսը (ոչ ավելի, քան 50 հազար դրամը):
-
1 տարին լրանալուց հետո. Եթե աշխատանքային հարաբերությունները դառնան երկարաժամկետ, 1 տարվա ավարտին գործատուն կստանա 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն:
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ մինչ այդ անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական, այդ թվում՝ թվային հարթակների ներդրման աշխատանքներ։
Արհեստականորեն պայմանագրերի խզումից կամ վերակնքումից խուսափելու համար նախագծում ներառվել են հատուկ սահմանափակումներ.
-
Տվյալ քաղաքացին վերջին 3 տարում չպետք է աշխատած լինի նույն գործատուի մոտ:
-
Քաղաքացին վերջին 3 ամսում ընդհանրապես չպետք է ունեցած լինի գրանցված աշխատանք։
«Այս երկու խումբ քաղաքացիները մեր այն քաղաքացիների թվում են, որոնց անհրաժեշտ են աջակցության և խրախուսման ծրագրեր ընդհանուր զբաղվածության համատեքստում։ Կարծում ենք, որ եթե հաջողվի այս ծրագիրն իրականացնել, մենք նաև այլ խմբերի քաղաքացիների համար կկարողանանք անել»,- նշել է նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։