Հայաստան
3 հունիսի 2026 • 11:43
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև. Հովիկ Ավանեսով
Ավանեսովն ընդգծել է՝ դա լուրջ վտանգ է ստեղծում պատմական հուշարձանի ֆիզիկական պահպանման համար և կարող է հանգեցնել դրա անդառնալի կորստին։

Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի հայկական եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
Ըստ նրա՝ «Planet» արբանյակային համակարգի միջոցով իրականացված դիտարկումները փաստում են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ լայնածավալ շինարարական և հողային աշխատանքներ են սկսվել։ Նրա խոսքով` այդ գործողությունները ադրբեջանական կողմն իրականացրել է 2025 թվականի հոկտեմբերի վերջից մինչև 2026 թվականի մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում։
Ավանեսովն ընդգծել է՝ դա լուրջ վտանգ է ստեղծում պատմական հուշարձանի ֆիզիկական պահպանման համար և կարող է հանգեցնել դրա անդառնալի կորստին։
«Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանները մեր ինքնության ու պատմության կարևորագույն մասն են, իսկ վերջին տարիներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բազմիցս են եղել հայկական հետքը ջնջելու կամ ձևափոխելու դեպքեր»,– նշել է նա։
Այս համատեքստում Ավանեսովը շեշտել է, որ Մեծ Շենում կատարվողը չի կարելի համարել սովորական տնտեսական գործունեություն։
«Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները»,– գրել է Ավանեսովը։
Նա կոչ է արել միջազգային մասնագիտական կառույցներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին անհապաղ միջամտել և անկախ ստուգումներ սկսել տեղում:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։