Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ. Պուտին
Համոզված ենք, որ մարդկանց ազգային պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, և միջազգային հանրությունը պետք է միավորի իր ջանքերը, որպեսզի նման վայրագությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ. դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն էր։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը, որի ընթացքում նրանք սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին իրենց հայրենի քաղաքներից ու բնակավայրերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի կարող են հանգեցնել կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնամոլությունն ու քսենոֆոբիան։
Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ մնացել է անփոփոխ։ Այն դեռևս 1915 թվականի մայիսին արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով հայ ժողովրդի նկատմամբ բռնությունները դատապարտվում էին որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն նոր պատմական փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետական դումայի հայտարարությունում։
Համոզված ենք, որ մարդկանց ազգային պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, և միջազգային հանրությունը պետք է միավորի իր ջանքերը, որպեսզի նման վայրագությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն։
Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձան չբուժվող վերք բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած ցավը համախմբեց մարդկանց, որոնք դրսևորեցին իրենց ամուր հավատարմությունը ավանդույթներին, իմաստությունն ու խիզախությունը։ Համոզված եմ, որ նաև ապագայում Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։
Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարօրություն, բարգավաճում և ամենայն բարիք», - ասել է ՌԴ նախագահը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։