ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ, ընդգծելով ոլորտի նշանակությունը որպես ազգային մշակույթի կարևոր մաս։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ, նա իր ուղերձում ասել է․
"Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։
Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։
Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:"
Կարևորվում է նաև կինոժառանգության պահպանումը, ինչպես նաև մեծանուն կինոգործիչների դերը ազգային կինոյի ձևավորման և զարգացման գործում։ Միաժամանակ շեշտվում է ժամանակակից ստեղծագործողների ներդրումը, որոնք նոր մոտեցումներ և ժամանակակից մտածողություն են բերում ոլորտ։
Պետության կողմից շարունակվող աջակցությունը ներառում է կինոարտադրության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և բարեփոխումներ, այդ թվում՝ ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը և «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման փոփոխությունները։ Նշվում է, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն խթանել ոլորտի զարգացումը և նոր հնարավորություններ ստեղծել կինեմատոգրաֆիայի համար։
Տեղեկացվում է նաև, որ ներդրումների վերադարձի ծրագրի շրջանակում ներկայացվել է 10 հայտ՝ ընդհանուր 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է։ Բացի այդ, 2025 թվականին հայ կինոգործիչները մասնակցել են միջազգային 17 կինոփառատոների, իսկ 16 ստեղծագործող ստացել է աջակցություն միջազգային հարթակներում ներկայանալու համար։
"Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։
Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։", –ասվում է շնորհավորական ուղերձում։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։