ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցներին վերաբերվող բազմաթիվ հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի գրադարանում հանդիպել է հանրակրթական մի շարք դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարը կարևորել է դպրոց–գրադարան համագործակցությունը և ասել է, որ երեխաների շրջանում ընթերցանության խրախուսումը պետք է դիտել առաջնահերթ խնդիր, որովհետև եթե բավարար չափով զարգացած չեն ընթերցանության և տեքստի ընկալման հմտությունները, գիտելիքի զարգացումը սահմանափակվում է:
Կարևորելով գրադարանների զարգացումը նախարարն ասել է, որ նախատեսվում է դպրոցական բյուջեներում առանձնացնել առանձին տող գրքերի ձեռքբերման համար. «Փաթեթային տրամաբանությամբ նախատեսում ենք նորակառույց դպրոցների համար ձեռք բերել և տրամադրել նոր գրքերի հավաքածուներ։ Դրանք կլինեն դպրոցական ծրագրին և տարիքային առանձնահատկություններին համապատասխան գրքեր։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է գրադարանային ֆոնդերի շարունակական թարմացում, ինչը հնարավորություն կտա դպրոցներին ամեն տարի համալրել իրենց գրական պաշարները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են դպրոցներում անվտանգության խնդիրները, լաբորատոր հագեցվածությունը, Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրումը և այլն։
Անդրադառնալով վարչատնտեսական համակարգողի համակարգի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ մի քանի տարի առաջ ներդրված կառավարման նոր մոդելի հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ մի շարք գործառույթներ՝ գնումներ, հաշվապահություն, անվտանգություն, մաքրություն, սնունդ և այլն, կարող են իրականացվել մասնագիտացված ծառայությունների միջոցով։ Նպատակը, ըստ նախարարի, մեկն է՝ տնօրեններին ազատել վարչական գործառույթների բեռից, որպեսզի նրանք կենտրոնանան կրթության որակի և բովանդակության վրա։
Անդրադարձ կատարելով դպրոցաշինության ծրագրերին, Ժաննա Անդրեասյանը նշել է որ այժմ քննարկվում է 300 դպրոց ծրագրի հաջորդ փուլը, որտեղ կընդգրկվեն նաև քաղաքային բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքի դպրոցներ․ «Երևանը շատ մեծ չափով ներկայացված է լինելու ծրագրում։ Առաջին փուլում հիմնականում կենտրոնացել էինք մարզային բնակավայրերի ուսումնական հաստատությունների վրա, իսկ երկրորդ փուլում մեր ուշադրությունը ոչ պակաս չափով կենտրոնացված է լինելու Երևանի դպրոցների վրա»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։