Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը․ փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Չզեկուցվող նախագծով Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Չզեկուցվող նախագծով Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունմամբ կապահովվեն ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից և բխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու՝ Կառավարության առաջնահերթություններից։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: