Կառավարությունը մոտ 5 մլրդ դրամ պարգևավճար կբաժանի
Նշվում է, որ խրախուսում կարող է հատկացվել միայն 2026-ի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց:

Հայաստանի կառավարության հուլիսի 16-ին նիստին ընդունվել է պետական կառավարման մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային համակարգի որոշումը։ Ըստ այդմ՝ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքներով, կառավարության պահուստային ֆոնդից կբաժանվի շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի պարգևավճար (ավելի ստույգ՝ 4 մլրդ 961 մլն դրամ): Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև խրախուսված աշխատակիցների գիտական և կրթական կարողությունների զարգացումը։
Գործադիրը սահմանել է, որ այդ միջոցների հաշվին պարգևատրումներն իրականացվելու են 2026-ի երկրորդ կիսամյակի ընթացքում՝ 3 հավասարաչափ վճարումներով՝ հուլիս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
Ուշագրավ է, որ կառավարությունը այս որոշման կետերից մեկը՝ 9-րդ կետը, հույժ գաղտնի է համարել, այսինքն՝ այն հանրությանը անհայտ կմնա:
Նշվում է նաև, որ խրախուսում կարող է հատկացվել միայն 2026-ի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց: Մարմինների խրախուսման ֆոնդերը հաշվարկվում են հենց այդ նույն օրվա դրությամբ փաստացի զբաղեցրած հաստիքների հաշվարկով։
Եթե անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարում են (առանց վերանշանակման կամ տեղափոխման), ապա վճարման այս պարբերականությունը չի կիրառվում. խրախուսման չվճարված մասը վճարվում է միանվագ՝ վերջնահաշվարկի հետ միասին:
Մեկ մարմնի ղեկավար պաշտոնից մեկ այլ մարմնի ղեկավար պաշտոնի տեղափոխված անձինք նույնպես կարող են խրախուսվել հատկացված միջոցներից։
Որոշմամբ հաստատվել են նաև ղեկավար պաշտոնների խմբերի խրախուսման գործակիցները։ Մասնավորապես, կառավարության անդամների և մարմինների ղեկավարների համար սահմանվել է 2.0 գործակից, տեղակալների և գլխավոր քարտուղարների համար՝ 1.6, վարչության պետերի համար՝ 1.2, իսկ բաժնի պետերի համար՝ 0.9։
Վարչապետի աշխատակազմի և ենթակա մարմինների համար գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինը: Մյուսների դեպքում (բացառությամբ որոշ մարմինների) կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինի 70 տոկոսը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: