Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:
Սյունիքի մարզկենտրոն Կապանում պաշտոնապես մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ԱՊՀ երկրների երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:
«Կապանին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կոչումը շնորհելը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչում է, այլև կարևոր վկայություն մեր երկրի, նրա երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված հանձնառության նկատմամբ տածած վստահության»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործընկերներին համագործակցության համար։
Նա հատկանշական է համարել, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը` մասնավորապես Սյունիքի մարզը, հյուրընկալում է ԱՊՀ երկու խոշոր նախաձեռնություն. Կապան քաղաքը կրում է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի պատվավոր կոչումը, իսկ Մեղրի քաղաքը հռչակվել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»։
Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը միջպետական համագործակցության արդյունավետ հարթակ է, որը խթանում է գործընկերությունը, ընդլայնում երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, ամրապնդում փոխադարձ վստահությունը։
«Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երիտասարդության պետական քաղաքականություն՝ հիմնված մասնակցության, հավասար հնարավորությունների և մարդկային ներուժի զարգացման սկզբունքների վրա։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը, երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, կամավորության, միջազգային շարժունակության և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսմանը, ինչպես նաև տեղական համայնքների հզորացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ բացման շրջանակում Կապան քաղաքին են փոխանցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը:
Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ, ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հնչել են Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հիշեցնենք՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։