Ուրբաթ, մայիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
21 ապրիլի 2026 • 11:35

Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։

Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Կրթություն. ՀՀ  բոլոր հանրակրթական  հաստատություններում  սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են. դրանք կամփոփվեն ապրիլի 20-ին: Նախագծերի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը՝ հայրենիքը, իրենց բնակավայրն ու համայնքը: Կատարված նախագծային աշխատանքի վերաբերյալ կպատրաստվեն մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութեր, և Քաղաքացու օրը բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն դրանք։

Երիտասարդություն. երիտասարդների հետ կիրականացվեն պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության մասին բանախոսություններ` զուգակցվող հարցուպատասխանով: Հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնություն», «պետականություն», «քաղաքացիական կրթություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորումը, հայեցակարգային քննարկումների ծավալումը։ Բանախոսությունները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջանների և ՀՀ 10 մարզերի 100 բնակավայրում։ 

Որպես բանախոսներ՝ հանդես կգան պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող, իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող, հանրության շրջանում ճանաչված գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և իրենց գործունեության արդյունքում հասարակության տարբեր խմբերի համար շոշափելի, դրական փոփոխություններ ապահոված անհատներ, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:

Մշակույթ. Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև