Ի դեմս Էստոնիայի՝ ԵՄ-ում ունենք շատ հուսալի և վստահելի գործընկեր. Արարատ Միրզոյան
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի և Էստոնիայի ընդհանուր համագործակցության համատեքստում առանձին տեղ և կարևորություն ունի ՀՀ-ԵՄ հարթությունը։

Հայաստանի ու Էստոնիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա։ Երևանում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնայի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն։ Եվ ես պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք այս արժեքների վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել, և այժմ իսկապես ժամանակն է ավելի ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնել է, որ էստոնացի գործընկերոջ հետ շփումների ժամանակ անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին։ «Այդ տնտեսական հարաբերություններն արտացոլող թվային ցուցանիշներն աճում են, բայց վստահաբար կարող ենք ասել, որ սա ամբողջ ներուժը չէ, և մենք ջանքեր կգործադրենք այս ներուժն էլ ավելի մեծ ծավալով իրացնելու ուղղությամբ։ Մենք մատնանշել ենք ոլորտները, որտեղ արդեն իսկ ունենք ձևավորվող համագործակցություն ու դեռ տեսնում ենք խորացման ներուժ։ Դրանք են թվայնացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարություններ, կիբեռանվտանգությունը։ Սրանք ոլորտներ են, որտեղ մենք Էստոնիայց և՛ սովորելու բան ունենք, և՛ հուսով ենք, որ մեր ներդրումը կարող ենք ունենալ ընդհանուր փորձի հարստացման ուղղությամբ։
Ես երախտագիտությունս եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։
Իհարկե, մենք խոսել ենք նաև բազմակողմ ձևաչափերում արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը։ Կցանկանայի ընդգծել Հայաստան Նորդիկ Բալթյան 8 երկրների ձևաչափով տեղի ունեցող պարբերաբար շփումները, և հույս ունենք, որ կկարողանանք Էստոնիայի առաջնորդությամբ այս օրակարգը և այս ֆորմատով շփումները ևս առաջ մղել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի և Էստոնիայի ընդհանուր համագործակցության համատեքստում առանձին տեղ և կարևորություն ունի ՀՀ-ԵՄ հարթությունը։
«Այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի և վստահելի գործընկեր ԵՄ-ում՝ ի դեմս Էստոնիայի։ Գիտեք, որ մեր նվիրումն այն արժեքներին, որոնք դրված են այս համագործակցության հիմքում, անխախտ է, և դուք էլ կարող եք նույն ծավալով հենվել մեզ վրա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը՝ դիմելով էստոնացի գործընկերոջը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը