Հայկական պատվիրակությունը Ճապոնիայում ուսումնասիրել է ջրային ռեսուրսների և լճերի կայուն կառավարման առաջատար փորձը
Պատվիրակությունն այցելել է Շիգայի պրեֆեկտուրա, որտեղ փոխնահանգապետ Ազումա Մասարուի հետ քննարկվել են Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Բիվայի պահպանման և կառավարման փորձը։

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել ՋԿ, Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ, հուլիսի 6-10-ը ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում։
Այցը կազմակերպվել էր ԱԶԲ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Ճապոնիայի կառավարության կողմից, իսկ տեղում աջակցություն է ցուցաբերել Ճապոնիայի ենթակառուցվածքների զարգացման ինստիտուտը (IDI): «Հայաստան-Ճապոնիա գործընկերություն՝ հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության» ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է Ճապոնիայի փորձը ջրային ենթակառուցվածքների, կեղտաջրերի մաքրման և լճերի էկոհամակարգերի պահպանման ոլորտներում։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք առանցքային հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի պետական գերատեսչություններում․
-
Ճապոնիայի հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում (MLIT) փոխնախարար Կոջիմա Մասարուի հետ քննարկվել են ջրային ռեսուրսների պետական քաղաքականությունը, ջրհավաք ավազանների կառավարումն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։
-
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունում Համաշխարհային բնապահպանության վարչության ղեկավարի տեղակալ Մասակո Օգավայի հետ քննարկվել են լճերի պահպանության, ջրի որակի բարելավման և աղտոտման կանխարգելման մեխանիզմները։
Հայաստանի առաջնահերթությունները․ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ճապոնացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի ջրային ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև Սևանա և Երևանյան լճերում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։
Պատվիրակությունն այցելել է Շիգայի պրեֆեկտուրա, որտեղ փոխնահանգապետ Ազումա Մասարուի հետ քննարկվել են Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Բիվայի պահպանման և կառավարման փորձը։
Հայ մասնագետները ծանոթացել են՝
-
Բիվա լճի շրջակա միջավայրի հետազոտական ինստիտուտում՝ տվյալների վրա հիմնված կառավարմանն ու մշտադիտարկմանը։
-
Բիվա լճի գետային գրասենյակում՝ ջրային ռեսուրսների ինտեգրված համապարփակ զարգացման ծրագրին։
-
Միջազգային լճային միջավայրի կոմիտեում (ILEC)՝ լճային ավազանների կառավարման մոտեցումներին։
-
Բիվա լճի թանգարանում՝ բնապահպանական կրթությանն ու հանրային իրազեկմանը («քաղաքացիական գիտություն» / citizen science):
Գործնական դաշտային այցեր․ Հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է լճի 51 կետերից իրականացվող ամենշաբաթյա նմուշառման մեթոդաբանությունը, եղեգնուտների (ձկների բազմացման միջավայրերի) պահպանության տարածքները, ինչպես նաև գյուղական բնակավայրերում կիրառվող կեղտաջրերի մաքրման ապակենտրոնացված կայանները։
Այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ, ծանոթացել դեսպանատան գործունեությանը և հանդիպել Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը