Հայաստանում մեկնարկել է YouTube Գործընկերային ծրագիրը (YouTube Partner Program)
Նոր հնարավորություններ հայ ստեղծագործողների համար:

YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկատվության YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։
Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:
YouTube-ի Գործընկերային ծրագիրը գործիք է, որի օգնությամբ բովանդակություն ստեղծողները, արվեստագետները և լրատվամիջոցները գումար են վաստակում հարթակում: Ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծագործողներ YouTube֊ի Գործընկերային ծրագրի անդամ են, և նախորդ չորս տարիների ընթացքում YouTube-ը նրանց վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։