Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է դրա շրջանակում Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։

Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը վավերացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվել են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային ծրագրերին։
Ողջունելով Չեռնոգորիայի պաշտոնակցին՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի երկու երկրների ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվույմ՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը, թվային վերափոխումը, դպրոցաշինությունը և արհեստական բանականության ներդրումը («ԱԲ սերունդ», STEP.AI, AI Generation)։ Նախարարը նշել է նաև, որ ԿԳՄՍՆ-ի և OpenAI ընկերության համագործակցությամբ ChatGPT Edu գործիքը սեպտեմբերից հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն։
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է դրա շրջանակում Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։
Չեռնոգորիայի նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը հետաքրքրվել է Չեռնոգորիայում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոդելի ներդրման հնարավորությամբ, ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել փորձի փոխանակմանը։
Կողմերը քննարկել են նաև մասնագիտական կրթության (ՄԿՈՒ/VET), ինչպես նաև Erasmus+ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Կարդացեք նաև
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
Մշակույթ28 օգոստոսի 2026
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։
Մշակույթ27 օգոստոսի 2026
Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի
Ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։