Հայաստանի Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում
Տրիբունալը ամբողջությամբ մերժել է Սանիթեք ընկերության հայցը և բոլոր պահանջները:

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Տեղեկությունը տրամադրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։
Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։
Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։
Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։
Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։