Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ
Լիցենզավորումը դիտարկվում է որպես բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։
Փաստաթղթերը մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված համակարգային բարեփոխումներն ապահովելու նպատակով։ Նոր կարգավորումներով հստակ տարանջատվելու և միաժամանակ փոխկապակցվելու են բուհի ինստիտուցիոնալ կարողության և յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները։
Լիցենզավորումը դիտարկվում է որպես բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման։ Նախագծով առաջարկվում է հաստատել երկու փոխկապակցված կարգ՝ բուհերի լիցենզավորման և կրթական ծրագրերի լիցենզավորման։
-
Բուհերի լիցենզավորում․ Գնահատվելու են բուհի առաքելությունը, կառավարումը, ակադեմիական կազմը, ֆինանսական կայունությունը, ինֆրաստրուկտուրաները, ուսանողների աջակցության մեխանիզմները և որակի ներքին ապահովման համակարգը։ Սահմանվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։
-
Կրթական ծրագրերի լիցենզավորում․ Տարածվելու է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող, ինչպես նաև ինտեգրված, համատեղ, օտար լեզվով, հեռավար կամ հիբրիդային ծրագրերի վրա։
-
Անցումային շրջան․ Գործող լիցենզիաների իրավական ուժը կպահպանվի, սակայն գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն նոր կարգով լիցենզավորման համար։
Հավատարմագրումը սահմանվում է որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթաց, որը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի և օտարերկրյա մասնաճյուղերի վրա։
-
Ժամկետներ․ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է 7-ամյա, իսկ ծրագրայինը՝ 5-ամյա ստանդարտ շրջափուլերով (ծրագրայինի համար կգործի նաև 3-ամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն)։
-
Միկրո-որակավորումներ․ Նախատեսվում է ակադեմիական կրեդիտ շնորհող միկրո-որակավորումների հավատարմագրում՝ խթանելով ցկյանս կրթությունը։
-
Անցումային դրույթներ․ Գործող կարգավիճակների իրավական շարունակականությունը կապահովվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
-
Հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։
-
Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ e-draft.am կայքում կամ ուղարկելով info@hesc.am էլեկտրոնային հասցեին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։